BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Առաջին քառյակը հայտնի է, ու «Չելսին» այդ քառյակում չէ

Առաջին քառյակը հայտնի է,  ու «Չելսին» այդ քառյակում չէ
13.03.2015 | 02:48

Երեքշաբթի-չորեքշաբթի հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում պայքարելու իրավունք ստացած առաջին չորս թիմերը: Դրանք են` Իսպանիայի արքայականը` Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» (Գերմանիա), Պորտուի «Պորտուն» (Պորտուգալիա), Փարիզի «Պարի Սեն Ժերմենը» (Ֆրանսիա): Հաջորդ փուլ դուրս գալու առաջին երեքի հարցում սկզբունքորեն տարակարծություններ չկային, ասել է թե` հենց այդպես էլ պիտի լիներ, բայց որ Լոնդոնի «Չելսիի» փոխարեն քառյակում է «Պարի Սեն Ժերմենը», այստեղ անակնկալի բաժին կա, այն էլ մեծ բաժին: Սակայն ամեն ինչի մասին` հերթով ու ըստ օրերի:

ՀԵՔԻԱԹՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ԾՆՎԵԼ ՄԵԾ ԼԵԳԵՆԴՆԵՐ
Երեքշաբթի մրցեցին «Ռեալն» ու «Շալկեն», «Պորտուն» ու «Բազելը»: Անդրադառնալով մեկ ութերորդում նրանց առաջին դիմակայություններին` նշել էինք, որ երկու հանդիպումների արդյունքով դրանցից առաջինի ելքը միանշանակ վճռված է, և թերևս հարցեր կարող են ծագել երկրորդի հետ կապված, քանի որ այստեղ հստակություններն անհամեմատ պակաս էին:
Պատասխան հանդիպումները ցույց տվեցին, որ սկզբունքորեն մենք այնքան էլ չէինք սխալվել մեր ենթադրություններում, սակայն մազ էր մնացել, որ երկրորդի առնչությամբ եղած թերահավատությունը փոխանցվեր առաջինին:
Ինչ խոսք, փաստը մնում է փաստ, որ երկու հանդիպումների արդյունքով «Ռեալը» մեկ քառորդում է, սակայն սույնն ավելի շուտ հիշեցնում է հայտնի անեկդոտը, որտեղ` «Սերոժն այստեղ է՞ ապրում» հարցին ի պատասխան հնչում է. «Ապրելն ապրում է, բայց դա ապրել է՞, որ ապրում է»: Եթե չլիներ առաջին խաղում արքայական ակումբի նկատմամբ ունեցած բնազդային վախն ու «Շալկեն» տնային խաղում երկուսի փոխարեն գոնե մեկ գոլ ընդունած լիներ սեփական դարպասը կամ մրցակցի երկուսին պատասխանած լիներ մեկով, եզրափակչում կլիներ ինքը ու ոչ թե «Ռեալը»:
Հանդիպման 4:3 հաշիվը, հօգուտ գերմանացիների, իսկապես ցնցող է, ու թե մեկը կասի, որ նման թվային արտահայտության ելք կանխատեսել էր, համարեք հետին թվով իմաստություններ ճամարտակող ու պարզապես հավատ մի ընծայեք, որովհետև նման բան կողմերի ուժերի, պոտենցիալի այս պարագայում կարող էր լինել միայն մի դեպքում` եթե արքայականը թքած ունենար ոչ թե մրցակցի, այլ հենց իր վրա:
Իր մեծամիտ պահվածքի համար «Ռեալը» մազ էր մնացել, որ չափից դուրս թանկ վճարեր: Սակայն ինչո՞ւ ենք պայմանական ժամանակով խոսում, երբ իրականում թանկ էլ վճարեց. մարզասերն արհամարհանքի այնպիսի սուլոցով թքախեղդ արեց իր սիրեցյալին, որ մի փութ մեղրով էլ չէր ուտվի:
Ի վերջո հարցը հո միայն մեկ քառորդ դուրս գալը չէ: Կարելի է և դուրս չգալ, բայց արժանապատիվ կեցվածք ունենալ: Մարզասերը հստակ ցույց տվեց, որ ինքը շպրտված հացն օդի մեջ որսացող մուրացկան չէ ու անհրաժեշտության դեպքում կարող է ցույց տալ, թե ով է իրական մուրացկանը: Ահա թե նաև ինչու արքայականի և ոչ մի ֆուտբոլիստ այդպես էլ չնշեց մեկ քառորդ դուրս գալը ու գլուխը կախ շտապեց հանդերձարան:
Ինչ վերաբերում է գելզենկիրխենցիներին, ձերբազատված վերը հիշատակված բնազդային վախից ու ավելի շատ ապավինած իրենց հայրենակից մարքսիստին, ով համոզված էր, որ պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու` բացի շղթաներից, ահելով ու ջահելով այնպիսի դաս տվեցին արքայականին, որ այդ արքայականից մնացին միայն անվան ստվերն ու Ռոնալդուի շփոթված հայացքը տրիբունաներին, թեպետ մարդը երկու գոլ արեց ու գոնե իր մասով ինչ-որ բան ուզեց բեկել: «Ռեալ»-«Շալկե» դիմակայությունը վերջնարդյունքում, այո, ցույց տվեց, որ հեքիաթները հեքիաթ էլ մնում են, բայց դրանցից ծնվում են և մեծ լեգենդներ, որտեղ թույլն էլ կարող է զորեղ լինել ուժեղից` թող որ հարաբերական, թող որ ոչ վերջնարդյունքի կտրվածքով, սակայն այդ ուժեղին բերած այնպիսի ցնցող դողով, որ չունեցած մազերն էլ են բիզ-բիզ կանգնում:
Ինչ վերաբերում է օրվա մյուս դիմակայությանը, ի տարբերություն առաջին հանդիպման, զարմանալի անատամ եղավ «Բազելը»: Դժվար է ասել` մեկ ութերորդում հայտնվելու էյֆորիան էր պատճառը, թե մեկ այլ բան, փաստը մնում է փաստ, որ չորս անպատասխան գնդակով պարտվելը բոլորովին բանի նման չէր: Ավելին` այնքան բանի նման չէր, որ վերջնահաշվում բազելցիների փոխարեն մենք ամոթով մնացինք (անտեր մնաս, հայի բախտ) ընթերցողի առաջ` նրան հուսավառելով դիտարժան հանդիպման սպասումով ու ստիպված ենք ընթերցողի ներողամտությունը հայցել:

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ
Այո, չեք սխալվում` խոսքը «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» մրցակցության մասին է: Փարիզյան հանդիպումից ունենալով բավականին կոմֆորտ հաշիվ (հիշում եք` խաղն ավարտվել էր 1:1)` լոնդոնցիներից պահանջվում էր ընդամենը գոլազուրկ հանգրվանի բերել պատասխան հանդիպումը, իսկ, ինչ` ինչ, Մոուրինյոյի սաներն այդ արվեստը հասցրել են կատարելության աստիճանի: Շատ ավելի ծանր էր փարիզցիների վիճակը, քանի որ ամեն գնով պիտի փորձեին գրավել «Չելսիի» դարպասը` գումարած սեփականն անառիկ պահելու փորձությունը:
Խաղն ամեն ինչով շահեկան ստացվեց «Չելսիի» համար: Արդեն 31-րդ րոպեից մրցակիցը մնացել էր տասը հոգով: Առանց մեծ ցնցումների լոնդոնցիները հանդիպումը գլորում էին վերջնագիծ, երբ եղավ 81-րդ րոպեի ուրախությունը. Գարի Կեյհլը գրավեց Սիրիգուի պաշտպանած դարպասը: ՈՒ հենց այստեղ Ռոլան Բլանի սաների վրա իջավ «եթե մեռնում ես, խռխռալը որն է» կենսական մտքի պարզ ճշմարտության գիտակցումը: 86-րդ րոպեին հաշիվը հավասարվեց, իսկ սա նշանակում էր` եթե խաղի հիմնական ժամանակահատվածում այլ զարգացումներ չեն լինելու, օրենքի ուժ է ստանում օվերթայմը:
Լրացուցիչ ժամանակում «Չելսին» դարձյալ առաջ անցավ, սակայն ՊՍԺ-ն նորից գտավ Կուրտուայի դարպաս տանող անվրեպ ուղին, ինչը նշանակեց, որ լոնդոնցիների փոխարեն փարիզցիներն են մեկ քառորդում: Սա հանդիպում էր, որի մասին կարելի է անվերջ խոսել` առանձնացնելով լարվածությունը, դիտարժանությունը, ֆուտբոլիստների բարձր պրոֆեսիոնալիզմն ու կատարողականը, այն ամենը, ինչը բնորոշ է այս բացառիկ գեղեցիկ ու գերող մարզաձևին, սակայն մեկ անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է, որովհետև ամեն պահի մեջ մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել իր հատկապես առանձնացնելիքը, իր հատկապես կարևորածը: Այնպես որ, փառք Աստծո, ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ցանկացած պահի կարող ենք բաց թողած վայելքը հետ բերել։ Մի զլացեք, գտեք ու դիտեք այդ բացառիկ գեղեցիկ հանդիպումը ու համոզված եղեք, որ կորցրած ժամանակի ափսոսանք չեք ապրի:
Ինչ վերաբերում է «Բավարիա»-«Շախտյոր» հանդիպմանը, ուկրաինացիներն արդեն իսկ առաջին հանդիպումում գլխից վեր թռել էին` խաղն ավարտելով իրենց համար երազային զրոյական ոչ-ոքիով: Երկրորդ անգամ հերոսանալու հնարավորություն նրանց այլևս չտրվեց: Պատասխան խաղում գերմանացիները պրագմատիկի կողքին եղան չափից ավելի դաժան: Կարելի է ասել` ում ձեռքը փոքր-ինչ հնարավորություն եղավ, գոլի վերածեց: Մի խոսքով` 7:0-ն չափից ավելի անպատվաբեր հաշիվ էր: Զվարճացան, գերմանացիները զվարճացան` իրենց հայտնի ծանր սապոգով անցնելով ուկրաինական ֆուտբոլի վերջին ժամանակների թերևս լավագույն ներկայացուցչի վրայով:

ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Մնացածներն ութ ֆուտբոլային թիմեր են, որոնք մեկ շաբաթից իրար մեջ արդեն հայտնի զույգերով կորոշեն չորս լավագույնին: «Մանչեստր Սիթին» ծանր այցելություն կունենա Բարսելոն, որտեղ «Պարի Սեն Ժերմենի» հայտնի օրինակով, ինչպես «Չելսիի» պարագայում էր, պիտի փորձի դաս տալ «Բարսելոնին»` պատիվ պահանջելով առաջին խաղում ունեցած 1:2 հաշվով պարտության համար: «Յուվենտուսը» կուղևորվի Դորտմունդ, որտեղ արդեն «Բորուսիան» պատիվ պահանջելու խնդիր ունի «ծեր սինյորայից»: Շատ ավելի չարացած սրտով այցելություն կլինի «Արսենալինը» Մոնակո. փոքրիկ այս իշխանության ֆուտբոլային գիգանտները այնպես չեն մաշկել կանոնիերներին, որ բարեգթության ակնկալիք ունենան: Հիշում եք` «Մոնակոն» լոնդոնցիներին հաղթել է 3:1 հաշվով: Եվ վերջապես չորրորդ զույգը կազմածները: «Աթլետիկոն» հարկավ չի մոռացել, որ Չեմպիոնների լիգայի անցած տարվա ֆինալիստն է, իսկ «Բայերից» կրած նվազագույն հաշվով պարտությունն առանձնապես քիթ կախելու բան չէ: Ինչևէ: Բոլոր դեպքերում մեզ սպասում է գեղեցիկ ֆուտբոլի անմոռանալի շաբաթ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ